среда, 24 мая 2017 г.

Անհնար է առանց սիրո երջանիկ լինել

Մարդուն երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, և ճիշտը դա երեխաներին մանկուց հասկացնելն է,որովհետև հետո կարող է ուշ լինել։
Նրանք կսկսեն փնտրել այդ երջանկությունը և գուցե սխալ տեղերում՝ գտնելով նյութականի մեջ, ինչը մեր օրերում շատ է պատահում, կամ օտար մարդկանց մեջ։ Չմտածելով, որ այդ իրը կարող է մի օր փչանալ, վերանալ, մարդիկ էլ կարող են հիասթափեցնել։ Իսկ, երբ դու փորձում ես գտնել այդ երջանկությունը հենց քո ներսում, քեզ ոչ մեկն էլ չի կարող հիասթափեցնել։ Հակառակը` այդ ժամանակ ամեն ինչ ավելի գունեղ է թվում և ամենափոքր բաներն անգամ ուրախություն են պարգևում քեզ։ Ես կասեի` երջանկությունը հենց այդ փոքր բաների մեջ է թաքնված, որոնք միշտ մեր կողքին են, բայց հաճախ չեն նկատվում։ Շատերը չեն կարողանում գտնել դրանք` երազելով միանգամից մեծ ու բարդ բաների մասին։Ես ինքս երջանիկ եմ, բայց չեմ կարող հստակ տալ դրա սահմանումը։ Գուցե, երբ դու առավոտյան բացում ես աչքերդ ու գիտես, թե ուր պետք է գնաս կամ ինչ պետք է անես, դա արդեն երջանկություն է։ Որ նպատակներ ու ցանկություններ ունես, որոնց կարողանում ես օր օրի  փոքր- ինչ մոտենալ։ Երբ կարող ես զբաղվել նրանով, ինչ սիրում ես, հագնել սիրածդ շորերը, կապել սիրածդ վզնոցը, լսել սիրածդ երաժշտությունն ու վերջապես տեսնել սիրածդ մարդկանց։ Կարծում եմ` անհնար է լինել երջանիկ առանց սիրո։

Комментариев нет:

Отправить комментарий