суббота, 28 октября 2017 г.

Սպասումը գեղեցիկ է` ասում են․․․

Անց կես էր։ Սիրտս՝ անհանգիստ, ձեռքերս դողում էին։ Ժամը եկել էր, բայց դու՝ ոչ։ Ամեն ինչ կատարյալ էր (համենայնդեպս, ինձ այդպես թվաց):

Անց երեսուներեք էր։ Անշարժ նստած էի։ Այնպիսի լռություն էր տիրում, որ մեր և հարևանի տան ժամացույցի սլաքներն արդեն մրցակցության մեջ էին մտել։ Նրանք խանգարում էին ինձ մտածել, չնայած նրան, որ մտքերս պաղած էին՝ աչքերիս նման։
«Ուր որ է կգա»,-մտածեցի ես։
Անց քառասուն էր։ Վեր կացա տեղիցս։ Բացեցի պատուհանը՝ փնտրում էի․․․
Ահա, լսվեց վերելակի ձայնը․ կրկին մեր հարկում չէր։ Մատներս հավաքում էին քո համարը, բայց ես ջնջեցի այն։ Ինձ ժպտում էր մեր առաջին նկարը սեղանիս դրված՝ շրջեցի։
Անց քառասունհինգ էր։ Ես կանգնած էի հայելու առջև։ Այնքան տգեղ զգացի ինձ։ Քանդում էի դարակներս, ոչինչ չէր սազում։ Սկսեցի շպարվել։ Ձեռքերս դեռ դողդողում էին, շրթներկս ծուռ գնաց ( է՜հ, ես կասեի ամեն ինչ ծուռ գնաց)՝ մաքրեցի։
Անց հիսուն էր։ Գիտեի, որ չես գալու, բայց դեռ սպասում էի քեզ։ Ամեն ինչ ավիրել էի` և՛ տունը, և՛ ինձ։
Տասներկուսն է։ Դրսում ուժեղ հրավառություն է։ Իսկ իմ ներսում՝ խորը հիասթափություն։ Գիտե՞ս, ես հանգիստ եմ, որ դրսում աղմուկ է (ինչպես միշտ մի անիմաստ աղմուկ) ու ոչ ոք չի լսում, թե ինչպես են արցունքի կաթիլները ցած իջնում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ այնքան կատարյալ է թվում, երբ նոր է սկսվում...

Комментариев нет:

Отправить комментарий