среда, 6 декабря 2017 г.

Սրտիս կոտրվելու ձայնը

Այնքան ցուրտ էր․․․։ Հիշում եմ` դրսում կնգնած էի, արդեն մթնել էր։ Նոր էր սկսվել ձմեռը, և երկինքը ամպոտ էր։ Սառչում էի, բայց դա չէ, որ ինձ խեղդում էր։ Ես չպետք է այնտեղ լինեի, իմ տեղը շատ հեռու էր, մի վայրում, որտեղ ես երբեք չէի եղել։ Աղմուկը այնքան ազդեցիկ էր։ Հանկարծ նկատեցի, որ աչքերս թաց են։
Ես պարզ հիշում եմ, թե ինչ էի այդ պահին մտածում։ Առանց ավելորդ շարժումների, առանց մի բառ արտասանելու և առանց հեկեկալու` արտասվում էի։ Պատկերացրեցի քեզ իմ առաջ։ Դու ժպտում էիր և ձեռքերը պարզած ինձ սպասում։ Ինձ նույնիսկ մի պահ թվաց, թե կարող եմ գալ և փաթաթվել քեզ` մոռանալով ցուրտը, մթությունը և այդ անտանելի աղմուկը։ Բայց դու չկայիր, և ես դա բոլորից լավ էի հասկանում։ Մեքենաները առանց դադարի անցնում էին իմ դիմացով` իրենց ետևից թողնելով տեսանելի ծուխ։ Ես զգում էի սրտիս կոտրվելու ձայնը։ Գիտե՞ք` դա ինչի է նման։ Սկզբից այն փափուկ է, ասես սեղմելիս լինեն, դժվար է դառնում շնչելը, հետո, երբ փափուկ շերտը արնահոսում է, սկսում ես զգալ նրա ետևի կոշտ հատվածը։ Եվ այն կոտրվելուց ոչ թե ուղղակի ցավ ես զգում, այլ ասես սուր դանակով հարվածում են` չհանելով դանակը։ Մահանում ես ներսից, իսկ արտաքին աշխարհը  դա չի տեսնում, չի էլ տեսնի երբեք։ Իսկ ձայնը․․․․ քեզ վերջնականապես տապալում է, այսինքն` ինձ․․․։
Չեմ հիշում` ինչպես հաղթահարեցի այդ վիճակը։ Գիտեմ, որ ցուրտ էր, և այդ ցուրտը իմ ներսից էր գալիս։ Ինչքան միամիտն էի, որ մտածում էի, թե կարող եմ ձմեռը ամառվա նման հեշտ և աննկատ անցկացնել։
Արդեն ձմեռ է, իսկ ես դեռ ամառվա հույսով եմ ապրում՝ լսելով սրտիս կոտրվող ձայնը նորից ու նորից։
Ցուրտ է․․․ արդեն ձյուն է գալիս։ 

Комментариев нет:

Отправить комментарий